Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարան | |
---|---|
Հապավում | ԱրՊՀ |
Տեսակ | բարձրագույն ուսումնական հաստատություն |
Միջազգային անվանում | Artsakh State University |
Նախկին անվանումներ | Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ
Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունք |
Հիմնադրված է | 1969 |
Ռեկտոր | Արմեն Յուրիի Սարգսյան (2019) |
Ուսանողներ | 3000 |
Ընդհանուր անձնակազմ | 350 |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Տեղագրություն | Ստեփանակերտ |
Հասցե | Մխիթար Գոշի 5 |
Կայք | asu.am |
Արցախի Հանրապետություն դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Արցախի Հանրապետություն|տեղորոշման քարտեզներ]]. | |
Artsakh State University Վիքիպահեստում |
Արցախի պետական համալսարան, գիտակրթական և մշակութային կենտրոն Արցախում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ստեղծվել է 1969 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում։ Ստեղծման պահին համալսարանը կոչվում էր «Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ» և ուներ ընդամենը երկու ամբիոն՝ լեզվի և գրականության ու մաթեմատիկայի, որոնց ուսուցումը տարվել է հայերեն, ադրբեջաներեն, հետագայում նաև՝ ռուսերեն։
1973 թվականին բուհն ստացել է ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ։
Արցախյան ազատամարտի տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]80-ական թվականների երկրորդ կեսին, արցախահայության ազատագրական պայքարի նոր փուլի սկզբնավորման օրերին, համալսարանը դարձավ համաժողովրդական պայքարի գիտական հիմնավորման օջախ։ Արցախյան ազատամարտի առաջին օրերից ուսանողներն ու դասախոսները կամավոր զինվորագրվեցին ղարաբաղյան հողում հայության հարատևման պայքարին։ 1988 թվականի փետրվարին բուհում սկզբնավորված ուսանողական շարժումները նպաստեցին, որպեսզի մայր Հայաստանի հետ արցախահայության վերամիավորման արդարացի պահանջը վերաճի համազգային գաղափարի։ Ժամանակավորապես դադարեցվեցին ուսումնական պարապմունքները Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտում, և բուհի հայկական ու ռուսական բաժինները նույն թվականի նոյեմբեր ամսում տեղափոխվեցին Վանաձոր՝ տեղի մանկավարժական ինստիտուտում ուսումը շարունակելու համար։
Արցախյան պատերազմի թեժ տարիներին՝ 1992 թվականի հոկտեմբերին, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ՝ միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան՝ ԱրՊՀ։
ԼՂՀ անկախության տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԼՂՀ անկախության տարիներին համալսարանն աննախադեպ զարգացում է արձանագրել։ 2008-2009 թվականներին ուսումնական տարում իրականացվել է անցումը կրեդիտային համակարգի՝ ուսումնառությունը կազմակերպելով Բոլոնիայի հռչակագրի համաձայն, եռաստիճան համակարգով՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա և հեռակա բաժիններում։
Համալսարանն ունի երեք մասնաշենք և վարչական շենք, գործում է 5 ֆակուլտետ, 18 ամբիոն, որոնցում աշխատում է մոտ 200 դասախոս, այդ թվում գիտության 16 պրոֆեսոր, 78 դոցենտ։ Պայմանագրային հիմունքներով համալսարանում դասախոսում են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանից և ՌԴ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ։ Համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում են շուրջ 3000 ուսանողներ։ Ասպիրանտուրայում սովորում են շուրջ հինգ տասնյակ ասպիրանտներ, ովքեր, որպես կանոն, հաջողությամբ պաշտպանում են թեկնածուական թեզեր և ստանում գիտական աստիճան[1][2]։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնագիտական
- Բանասիրական
- Մանկավարժության և սպորտի
- Պատմության և իրավագիտության
- Տնտեսագիտության
Ամբիոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաթեմատիկայի ամբիոն
- Ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ամբիոն
- Աշխարհագրության ամբիոն
- Կենսաբանության և քիմիայի ամբիոն
- Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն
- Ռոմանագերմանական լեզուների ամբիոն
- Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն
- Ակադեմիկոս Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոն
- Գրականության և լրագրության ամբիոն
- Մանկավարժության և հոգեբանության ամբիոն
- Ֆիզկուլտուրայի և նախնական զինվորական պատրաստության ամբիոն
- Կերպարվեստի և գծագրության ամբիոն
- Պատմության և քաղաքագիտության ամբիոն
- Իրավունքի ամբիոն
- Ֆինանսահաշվային ամբիոն
- Տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոն
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ունի հրատարակչություն, որտեղ հրատարակվում են «Գիտական տեղեկագիրը», «Հայագիտական հանդեսը», «Արցախի համալսարան» ամսաթերթը, գիտամեթոդական և այլ գրականություն։ Համալսարանն ունի աստղադիտարան, որտեղ ուսանողներն անց են կացնում իրենց պարապմունքները և հետազոտում աստղային երկինքը։
Արցախյան պատերազմում նահատակված թվով 72 ուսանողների հիշատակին կառուցված հուշակոթողին իրենց հարգանքի տուրքն են մատուցում համալսարան ժամանած հյուրերն ու պաշտոնական պատվիրակությունները։
Համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱրՊՀ-ն համագործակցության պայմանագրեր ունի Երևանի պետական համալսարանի, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հետ[3]։
ԱրՊՀ-ն նաև կայուն կապեր է ստեղծել Ռուսաստանի Դաշնության Կրթության ակադեմիայի, Վլադիմիրի պետական համալսարանի, Սարատովի համալսարանի, իսկառավել սերտ կապեր՝ հետխորհրդային նորանկախ հանրապետությունների՝ Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի համալսարանների հետ, որոնցհետունի Ասոցացման համաձայնագիր և դրան նվիրված հատուկ գիտական կաբինետ[3]։
Համալսարանն ակտիվ համագործակցության ծրագրեր է իրականացնում Երևանի Ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Սլովակիայի Ակալիցա քաղաքի Միջին Եվրոպայի համալսարանի, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի և այլ միջազգային բարձր վարկանիշ ունեցող բուհերի հետ[3]։
Միջազգային համագործակցության լավագույն դրսևորում է ԱրՊՀ եռակողմ համաձայնագիրը և կրթական ծրագրի իրականացումը համաշխարհային համբավ վայելող «Սինոփսիս-Արմենիա» և «Ղարաբաղ-տելեկոմ» ընկերությունների հետ[3]։
ԱրՊՀ ավարտական դիպլոմները, վկայականներն ու սերտիֆիկատները բարձր վարկանիշ ունեն Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ ԱրՊՀ շրջանավարտներ են մեր երկրի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բարձրագույն ղեկավարների մեծ մասը, ինչպես նաև հայտնի զինվորականներ, գործարարներ, քաղաքագետներ, իրավաբաններ, մանկավարժներ, շինարարներ, մարզիկներ[3]։
Շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարութ Առստամյան
- Ավանեսյան Արպատ
- Ավանեսյան Կոմիտաս
- Արսենի Արիս
- Գրիգորյան Գայանե
- Արայիկ Հարությունյան
- Ղալայան Սասուն
- Պետրոսյան Գագիկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արցախի պետական համալսարան, պատմական համառոտ ակնարկ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «ԵՊՀ քաղաքագետներն այցելել են Արցախի պետական համալսարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Համալսարանի պատմությունը». www.asu.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համալսարանի կայքը
- Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արցախի պետական համալսարան» հոդվածին։ |
|